Սիրիայի պատերազմը երկուսուկես հաղթող ունի: Ռուսները` նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ: Իրանցիները` նախագահ Հասան Ռոհանիի գլխավորությամբ։ Կես հաղթանակը Սիրիայի պետության ղեկավար Բաշար Ասադինն է։ Նա երբեք չէր պահպանի իշխանությունն առանց իր երկու դաշնակիցների: Ապագայում նա ենթակայի դեր կստանա։ Կլինի սոսկ դրածո։ Դրածոներին հեշտ է կախվածի վերածել։ Պարանն արդեն պատրաստ է։ Բայց քաղաքական մեծ խաղում Բաշար Ասադին կարելի է մոռանալ: Համենայն դեպս` առժամանակ։ Ամեն ինչ որոշում են ռուսներն ու իրանցիները։ Հիմա նրանք միմյանց հետ խոսում են բարձր մակարդակով, Թեհրանում։ Գուցե շուտով նրանց նույնիսկ հաջողվի պայմանավորվել Սիրիայի համար որոշման մասին: Որոշում, որ կարող է խաղաղության տեսք ունենալ։ Այդ մասին կարելի է հանգիստ մոռանալ։
Կարևոր է երկու փաստ` Ռուսաստանը կմնա Սիրիայում իր ռազմաօդային և ցամաքային զորքերով։ Իրանցիները կփորձեն նույնն անել։ Նրանք ոչ միայն մինչև ատամները զինել են «Հըզբոլլահին», այլև իրենց ռազմական բազաների համար տեղ են որոնում, գուցե նույնիսկ իրենց նավահանգստի։ Չկա կարգուկանոնին հետևող ԱՄՆ-ը։ Պուտինն իրեն այնքան ուժեղ է զգում, որ հավատում է շիաների ու սուննիների համաձայնության գալու հնարավորությանը, Իսրայելի ու Իրանի միջև պայմանագրին։ Նա պետք է օգնի հաշվի առնել երկու կողմերի շահերը Սիրիայում։ Ինչ մոլորություն։ Իսրայելը չի համաձայնի իրանական ռազմաբազաների ստեղծմանը Սիրիայում։ Եթե Թեհրանին իսկապես հաջողվի իր զորքերը տեղակայել հարևան երկրում, Իսրայելը այդ երկրի վրա նախազգուշական հարվածի լավ պատրվակ կունենա։ Դա վերաբերում է և «Հըզբոլլահին» իրանական նոր ռազմական տեխնոլոգիաներ մատակարարելուն: Պուտինից է հիմա կախված իրադարձությունների հետագա ընթացքը Մերձավոր Արևելքում։ Այսինքն` նրա գործողությունները կարող են հանգեցնել հաջորդ պատերազմը սկսելուն։
Բոլորը, որ սովորաբար պահանջում են աշխարհում ամեն տեղ ամերիկյան ազդեցությանը վերջ տալ, հիմա պիտի հասկանան` ԱՄՆ-ի հեռանալն այդ տարածաշրջանն ավելի վտանգավոր կդարձնի։
Ժակ ՇՈՒՍՏԵՐ, Die Welt, Գերմանիա
Հ.Գ. Իրականում Սիրիայի պատերազմը ոչ մի հաղթող չունի: Եվ պատերազմը նույնիսկ Սիրիայինը չէ, այլ` Սիրիայի տարածքում է: Այստեղ է ավարտվում արաբական գարունը, որ պատերազմ էր ազդեցության գոտիների վերաբաժանման ու էներգակիրների համար: Իսկ վճարեց բնակչությունը: ԻՊ-ին տարածքից վռնդելուց հետո կհաստատվի՞ խաղաղություն Իրաքում ու Սիրիայում: Ոչ: Քանի դեռ տարածքում կան զինված խմբավորումներ, նրանք կրակելու են: Իսկ փաստացի դա գերտերությունների միջնորդավորված պատերազմն է միմյանց դեմ` երրորդ տարածքում ու ուրիշի հաշվին։ Յուրաքանչյուր երկիր իր բարդ խաղն է խաղում, որ շատ քիչ կապ ունի կոնկրետ իրավիճակի հետ, և յուրաքանչյուրը համարում է, որ իր բնական իրավունքն է իր շահերը պաշտպանելը: Իսկ շահերի բախումը պատերազմը դարձնում է անխուսափելի։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ